BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բոլոր գույների մեդալներից էլ ունեցանք

Բոլոր գույների մեդալներից էլ ունեցանք
24.09.2013 | 11:43

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունը հաջողված կարելի է համարել Հայաստանի ազատ ու հունահռոմեական ոճերի հավաքականների համար (գլխավոր մարզիչներ` հանրապետության վաստակավոր մարզիչներ Արայիկ Բաղդատյան և Լևոն Ջուլֆալակյան):

Ինչպես գիտեք, առաջնության առաջին իսկ օրն աչքի ընկավ 66 կգ քաշային կարգը ներկայացնող, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը: Եվրոպայի գործող չեմպիոնը մեկը մյուսի հետևից հանդիսատեսի վերածեց ռումինացի Բուկուրին, բելառուս Սատկևիչին, ռուս Կուրբանալիևին, վրացի Քելեխաշվիլուն և հասավ եզրափակիչ, որտեղ ոսկու համար պայքարում նրան էր սպասում Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, կուբացի Ասկույ Լոպեսը: Մեր ըմբիշը հաղթելու անկոտրում կամք դրսևորեց ու տասնմեկ տարվա ընդմիջումից հետո հայրենիք բերեց աշխարհի ոսկին:
Հաջորդ մեդալը գրանցվեց 55 կգ քաշային Ռոման Ամոյանի ակտիվում: Մեր այս հունահռոմեականը տարիներ շարունակ բարձր է պահել հայկական ըմբշամարտի պատիվը բազմաթիվ մրցահարթակներում` լինեն դրանք օլիմպիական խաղերի, թե աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցագորգեր: Մեդալների նրա պատկառելի հավաքածուում, ճիշտ է, այս առաջնության բրոնզը սպասված հարգի ազնվության մետաղից չէ, բայց դե պակաս արժեք էլ չի ներկայացնում:
Ամոյանի մրցելույթի հաջորդ օրը մենք իրավամբ ոսկու ակնկալիք ունեինք, ու դա առաջին հերթին նրա համար, որ մրցագորգ էր դուրս գալու Արթուր Ալեքսանյանը, ում վառ ըմբիշ լինելը ոչ միայն մեր գնահատականն է: Գյումրեցի մարզիկը, հաջողությամբ լուծելով բոլոր հարցերը, մրցակիցների հետ, հասավ եզրափակիչ, որտեղ նրան սպասում էր ռուս Նիկիտա Մելնիկովը, այն ըմբիշը, ում այս տարի պարտվել էր համաշխարհային ուսանողական խաղերում: Մարտը ստացվեց գերլարված: Կողմերը վաստակեցին հավասար` երկուական միավոր, սակայն, ի հաշիվ նրա, որ մեր ըմբիշն ուներ մեկով ավելի զգուշացում, հաղթող ճանաչվեց Մելնիկովը: Արթուրը, հարկավ, մեծ անհատականություն է, սակայն ցավալիորեն նրա մրցելույթները դեռևս ակնկալված արդյունքը չեն տալիս աշխարհի առաջնություններում: Իհարկե, մեկ այլ մարզիկի աշխարհի փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ կարելի էր դիֆիրամբներ հնչեցնել, սակայն արծաթը, անկեղծ լինենք, այս երիտասարդի համար քիչ է, շատ քիչ: Հուսանք, որ սա նրա վերջին վրիպումն էր:
Մեդալային մեր վերջին ռեալ հույսը 74 կգ քաշային կարգը ներկայացնող, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն էր: Արդեն մեկ ութերորդում նրան վիճակվեց հանդիպել Ռոման Վլասովին` մրցաշարի իր թիվ մեկ մրցակցին: Ավանդույթի տխուր ուժով մեր մարզիկը չկարողացավ հաղթահարել իր համար անհաղթահարելի դարձած այս արգելքը, սակայն քանի որ ռուս ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ, իր հաղթանակով Արսենին հնարավորություն տվեց դեպի բրոնզ «քայլել» սփոփիչ մարտերով: Հաղթելով դրանցում` Արսենը մեդալի համար պայքարի մեջ մտավ դանիացի Մարկ Մադսենի հետ ու Հայաստանին բերեց աշխարհի այս առաջնության թվով չորրորդ մեդալը:
Առաջնությունն ավարտված է, սակայն դեռևս FILA-ի նախկին նախագահ Մարտինետիի ժամանակներից տխուր ժառանգություն մնացած բազմաթիվ առկա հարցեր նորից ջրի երես ելան: Այնպես որ, ոչինչ զարմանալի չկա նրանում, որ նոյեմբերին FILA-ն կգնա զգալի փոփոխությունների, որոնք հավասարապես կվերաբերեն ինչպես գործող օրենքներում խմբագրումներ մտցնելուն, այնպես էլ քաշային կարգերի վերանայմանը: Բոլոր դեպքերում, ուրախալի է, որ օլիմպիական մարզաձևերի շարքից ըմբշամարտը հանելու տագնապը չեզոքացված է: Համենայն դեպս` գոնե առժամանակ: Մեզ համար գոնե դա հատկապես կարևոր է, որովհետև այս մարզաձևը մեզանում հենակետային է, մեդալաբեր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ